ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ERASMUS+ GEOTAK ՆԱԽԱԳԻԾԸ

Օրերս ՃՇՀԱՀ-ը հյուրընկալել էր Erasmus+ GeoTAK «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում» նախագծի կոնսորցիումի ներկայացուցիչներին: Ծրագրի շրջանակներում նախատեսված էին նախագծի թիմի ներկայացուցիչների հանդիպում միջազգային փորձագետի հետ, փորձի փոխանակման վերաբերյալ աշխատաժողով, կառավարման խորհրդի հանդիպում և նախագծի ամփոփիչ կոնֆերանս։

Միջոցառումներին մասնակցում էին կոնսորցիումի անդամ հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների և գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները:

Աշխատաժողովի ընթացքում նախագծի կոնսորցիումի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանում գործող առաջատար կազմակերպությունները ներկայացրին իրենց առաջավոր փորձը երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող հետազոտությունների և նորարարությունների վերաբերյալ:

Մասնավորապես, աշխատաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան.

  • ՀՀ Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց կողմից ոլորտում  իրականացվող աշխատանքները:  
  • SkyAgro ընկերությունը՝ ներկայացնելով ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող հետազոտությունները և նորարարությունները:
  • Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը՝ ներկայացնելով երկրատարածական տեխնոլոգիաների դերը նորարարական հետազոտություններում:
  • Trimble ընկերության հայաստանյան ներկայացուցիչը՝ ներկայացնելով ընկերության փորձառությունը հետազոտությունների և նորարարության ոլորտում:
  • leica ընկերության հայաստանյան ներկայացուցիչը՝ ներկայացնելով 3D իրականության հետազոտության առաջավոր լուծումները:
  • Գիտությունների ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտը՝ ներկայացնելով իրենց փորձառությունը հետազոտությունների և նորարարությունների ոլորտում:

Հիշեցնենք, որ GeoTAK նախագիծը մեկնարկել է դեռ 2021 թվականի հունվարին։ Նախագծի հիմնական նպատակներն են՝ աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում հետբուհական բարձրագույն կրթության ծրագրերի մշակումը, Հայաստանի ու Ղրղզստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների, արդյունաբերության և վարչարարական համակարգերի միջև հետազոտական և նորարարական կապերի ամրապնդումը։

GeoTAK ծրագրի արդյունքում համալսարանն ամրապնդեց իր կայուն գործընկերային կապերը Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի և Շվեդիայի թագավորական քոլեջի հետ, որոնց հետ համալսարանի համագործակցությունը արդեն երկար տարիների պատմություն և խոստումնալից ապագա ունի։ Ծրագրի շրջանակներում ՃՇՀԱՀ-ը կարևորում է նաև նոր գործընկերների՝ Սլովենիայի Լյուբլյնայի

համալսարանի, Բելգիայի Բրյուսելի Վրիջ համալսարանի դերը: Ղրղզստանի գործընկերների հետ համագործակցությունը արդյունավետ կերպով շարունակվում է Appear DeVISION ծրագրի շրջանակներում։

GeoTAK նախագծի շրջանակներում կարևորվում է Երկրատեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի համալրումը, դասախոսների վերապատրաստումները, գործընկերային կապերի հաստատումը։ Նախագծի ամենակարևոր ձեռքբերումը հայաստանյան երեք բուհերի՝ ՃՇՀԱՀ-ի, ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ասպիրանտական ծրագիրն է։