2023 թվականի հոկտեմբերի 26-27-ին, Երևանի պետական համալսարանի Ռ. Շումանի անվան դահլիճում, Էրազմուս Պլյուս՝ Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում (GeoTAK) նախագծի շրջանակներում տեղի ունեցավ Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և նորարարության վերաբերյալ աշխատաժողով, որին ՃՇՀԱՀ GeoTAK նախագծի թիմից մասնակցում էր Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դասախոս Նարինե Հարությունյանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին GeoTAK նախագծի ընթացքում իրականացված հետազոտությունների և զարգացման տեղական և ազգային կարիքների վերլուծության արդյունքները, ինչպես նաև ծրագրի գործընկեր երեք Հայաստանյան համալսարանների՝ ԵՊՀ, ՀԱԱՀ և ՃՇՀԱՀ համատեղ նոր հետբուհական ծրագիրը աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 35 հոգի։ Զեկույցներով հանդես եկան հետազոտողներ, դասախոսներ, մենեջերներ, ասպիրանտներ և տեղական շահագրգիռ կողմեր՝ ինչպես ակադեմիական հաստատություններից (ԳԱԱ) և կառավարական գերատեսչություններից (Կադաստրի կոմիտե), այնպես էլ տեղական մասնավոր ընկերություններից, այդ թվում Geocosmos, GeoVIBE, Urbalab, Geomapis, Modul, ի թիվս այլոց: